National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.02.2021
Ապրիլից կգործի միասնական սոցիալական ծառայություն
1 / 38

Փետրվարի 3-ի ՀՀ Ազգային ժողովի հրավիրած արտահերթ նիստում  քննարկվեցին  «Սոցիալական աջակցության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող փոփոխությունները:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնարկել է կառուցվածքային փոփոխություններ,  ինչի արդյունքում  նախատեսվում է ստեղծել նոր կառույց՝ Միասնական սոցիալական ծառայություն: Այն կստեղծվի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակների եւ մարզային ենթակայության սոցիալական աջակցության գործակալությունների ու համայնքային ենթակայության սոցիալական աջակցության բաժինների հիմքի վրա: Ծառայությունը մասնավորապես, կիրականացնի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքի սոցիալական կարիքների գնահատում, օրենսդրությամբ սահմանված կարգով կնշանակի, կվերահաշվարկի  եւ կիրականացնի կենսաթոշակների, նպաստների եւ այլ դրամական վճարում, կապահովի զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի իրականացում: Միավորվող չորս մարմիններում առկա 1824 հաստիքները պահպանվելու են, տեղի են ունենալու մրցույթներ: Մինչ մրցույթների անցկացումը աշխատակիցները հաստիքները կզբաղեցնեն պայմանագրային հիմունքներով:

Պատգամավորներն առաջարկեցին ներդնել սոցիալական օգնականի ծառայություն, ինչի կապակցությամբ  նախարարը նշեց, որ  այդ ուղղությամբ  արդեն աշխատանք  կատարվում է: Նշենք, որ սոցիալական օգնականը պետք է օգնի հաշմանդամություն ունեցող անձանց, ծերերին եւ երեխաներին:

Մինչ փաթեթին անդրադառնալը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ հետպատերազմական Արցախում  որեւէ սոցիալական եւ հումանիտար խնդիր չկա, Արցախ են վերադարձել բոլոր այն արցախցիները, որոնք ունեն մշտական բնակության վայրեր: Ամբողջովին վերականգնված է գազի եւ էլեկտրաէներգիայի  մատակարարումը, կապը եւս գրեթե ամբողջովին վերականգնվել է:

Նախարարը նշեց նաեւ, որ ՀՀ Կառավարությունն այս ընթացքում ավելի քան 15 մլրդ  դրամի աջակցություն է ցուցաբերել Արցախի բնակչությանը, ինչն ավելի է, քան Հայաստանում գործող որեւէ սոցիալական աջակցություն ամսական կտրվածքով: Մեսրոպ Առաքելյանի տեղեկացմամբ՝ ՀՀ եւ ԱՀ կառավարությունները համատեղ  իրականացնում են սոցիալական այն ծրագրերը, որոնք որոշակիորեն թեթեւացնում են քաղաքացիների հոգսերը:

ՀՀ ԱԺ«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է, որ պատերազմից  երեք ամիս անց  դեռեւս որեւէ տուն չի կառուցվել Արցախում այն դեպքում, երբ Ադրբեջանը միջազգային օդանավակայան է կառուցում Ֆիզուլիում, ճանապարհներ է կառուցել Թալիշում, մինչեւ Շուշի ճանապարհ է կառուցելու եւ այլն: Ըստ նրա՝ հողի վրա պետք է տուն կառուցել, որ մարդը հողին կպած մնա:

Նախարար Առաքելյանը ցավով նշեց, որ պատգամավորը Արցախում կատարվող ծրագրերը համեմատում է Ադրբեջանում  իրականացվող  ծրագրերի հետ. «Ադրբեջանն առայսօր չի կարողացել էլեկտրաէներգիա անցկացնել Շուշիում, մինչդեռ Արցախն ամբողջությամբ ապահովված է 24-ժամյա հոսանքով, թեեւ պատերազմի ժամանակ բոլոր ենթակառուցվածքները ռմբակոծվել էին»: Առաքելյանը հայտնեց նաեւ, որ  այսօր առաջին փուլով մշտական բնակության համար շուրջ 1000 տուն է վերակառուցվում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am